Կարևոր իրադարձություններ

Պատգամավորը ներկայացրել է ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչների գրառումները

06 Օգոստոս, 2022 08:24
Հեղինակ՝ Արուսյակ Ջուլհակյան
Պատգամավորը ներկայացրել է ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչների գրառումները

Վերջին օրերին Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիային են անդրադարձել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ։

Մասնավորապես՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նախագահ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ, նշել է․

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն խախտում են հրադադարի ռեժիմը, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»:

Կոնգրեսմեն Բրեդ Շերմանը գրել է․

«Ալիևի ռեժիմի երեկվա ագրեսիան ընդդեմ Արցախի պետք է ամբողջությամբ դատապարտվի։ Ադրբեջանի շարունակվող հարձակումները էթնիկ հայերի վրա չպետք է մնան անարձագանք։ Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակել թույլ տալը կվտանգի Արցախում ապրող էթնիկ հայերի անտանգությունը և ազատությունը։ Այս շարունակվող ագրեսիայի դատապարտումը միայն բավարար չէ: Միացյալ նահանգները պետք է հետևեն իրենց արժեքներին՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։

Կոնգրեսմեն Ռաջա Քրիշնամուրթին գրել է․

«Ադրբեջանի կողմից իրականացվող դաժան հարձակումները չպետք է տեղ ունենան։ Ես պահանջում եմ Ալիևի ռեժիմից դադարեցնել բոլոր հարձակումները Արցախի վրա և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բոլոր կողմերի համար խաղաղ կարգավորում գտնելու համար»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն գրել է․

«Ադրբեջանի ԱԹՍ-ների մահացու հարվածները Արցախի դեմ 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում է: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել դիվանագիտական ​​ողջ գործիքակազմը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։

Սենատոր Ջեք Ռիդը գրել է․

«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերադարձի, հատկապես՝ մարդկային կորուստների մասին լուրերից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ավիահարվածի կադրերի հրապարակումը, կարծես՝ դա հպարտանալու բան է, դատապարտելի է։ Այս գործողությունները որևէ կերպ չեն նպաստում Լեռնային Ղարաբաղում տևական, կայուն խաղաղության հաստատմանը, ինչը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Ես պահանջում եմ բռնության անհապաղ դադարեցում և վերադարձ 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարին»։

Կոնգրեսմեն Ադան Շիֆը գրել է․

«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում (նաև հայտնի որպես Արցախ) կորուստների, այդ թվում՝ երկու հայ զինվորների զոհվելու մասին լուրերից, ինչը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի պայմանագրի ուղղակի խախտման հետևանք է։ Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն առանց հրահրման հարձակվում է հայկական ուժերի վրա, և քանի դեռ ԱՄՆ-ն անհապաղ միջոցներ չի ձեռնարկել Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, այս դեպքն էլ վերջինը չի լինելու: Պահի հրամայականն է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական ​​ուղիներն ու լծակները՝ նվազեցնելու լարվածությունը և ցույց տալու Ամերիկայի անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանը։

Պաշտպանության ոլորտի ֆինանսավորման այս տարվա օրենսդրության մեջ և անցած տարիների ընթացքում նույնպես ես բազմիցս կոչ եմ արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, տրամադրել տասնյակ միլիոնների մարդասիրական օգնություն և տնտեսական աջակցություն Արցախին, ամբողջությամբ արգելել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղվող օգնությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով վերականգնել ամերիկյան ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործընթացում։ Այս գործողություններից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդին պաշտպանելու և վճռական ուղերձ հղելու համար, որ Ամերիկան ​​կարող է և պաշտպանելու է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդների կողքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին