Կարևոր իրադարձություններ

Հանդիպմանը նշվել է, որ ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում պաշտպանված են

04 Օգոստոս, 2022 15:49
Հանդիպմանը նշվել է, որ ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում պաշտպանված են

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակության հետ, որի կազմում են նաև Իրաքի խորհրդարանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է Իրաքում ապրող ազգային փոքրամասնություններով, նրանց հուզող խնդիրներով ու մարտահրավերներով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:

Իրաքի խորհրդարանականները  շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նրանք գոհունակություն են հայտնել նաև Հայաստանի խորհրդարանականներին միջազգային կառույցներում աջակցության համար:

Հյուրերը մանրամասն ներկայացրել են իրենց խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը:

Կողմերը երկու երկրների միջև կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Այս համատեքստում խորհրդարանական փոխայցերն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նշվել, որ նրանք այստեղ պաշտպանված են: Մոտ ապագայում կընդունվի նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենք:

 
 

Լրահոս

Դիտել ավելին