Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարը շեշտել է օրենքի կարևորությունը շրջակա միջավայրի և մարդու կենագործունեության բոլոր ոլորտներում

03 Օգոստոս, 2022 19:58
Փոխնախարարը շեշտել է օրենքի կարևորությունը շրջակա միջավայրի և մարդու կենագործունեության բոլոր ոլորտներում
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանի և Արամ Մեյմարյանի գլխավորությամբ կայացել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված 5-րդ բաց հանրային լսումը։
Հանրային լսմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, շահագրգիռ գերատեսչությունների, բնապահպանական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և խնդրել է գործընկերներին փոխըմբռնման մթնոլորտում քննարկել օրենքի նախագիծը և հանդես գալ առարկայական առաջարկներով, որոնք կօգնեն ավելի համապարփակ դարձնել օրենքի նախագիծը։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է օրենքի կարևորությունը շրջակա միջավայրի և մարդու կենագործունեության բոլոր ոլորտներում և փաստել, որ օրենքի մշակոշմը շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ շատ մոտ ապագայում։
Օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության, անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի նախագծի և նախատեսվող գործունեության գնահատման և փորձաքննության, շահագրգիռ հանրության ծանուցման, հանրային լսումների գործընթացների, պետական փորձաքննական եզրակացություն ուժը կորցրած ճանաչելու և այդ գործընթացներին մասնակցող անձանց վրա:
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հասարակական հարաբերությունները:
 

Լրահոս

Դիտել ավելին