Կարևոր իրադարձություններ

Պետք է հնարավորինս սերտացնել համագործակցությունը. Կոտայքի մարզպետը՝ Իրանի դեսպանին

02 Օգոստոս, 2022 15:16
 Պետք է հնարավորինս սերտացնել համագործակցությունը. Կոտայքի մարզպետը՝ Իրանի դեսպանին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:
 
Լիարժեք կիսում եմ պարոն դեսպանի այն համոզմունքը, որ մեր մարզն ունի հսկայական պոտենցիալ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
 
Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում՝

Զբոսաշրջություն և հյուրընկալություն

Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)

Ինտենսիվ այգիների հիմնում

Կրթություն, մշակույթ և սպորտ

Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում

Փորձի փոխանակման անհրաժեշտություն:

Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար կարևորել ենք համատեղ ջանքերի ներդրումը:
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ վստահեցրել եմ, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար»,- նշված է գրառման մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին