Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ`ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ փորձելով հատել շփման գիծը: Լրատվական կայքերում ու համացանցում լուրեր տարածվեցին, որ լարվածություն կա նաև ՀՀ սահմանին:
«Կարդացել ու տեսել եմ սահմանային լարվածության վերաբերյալ հրապարակումները: Այս պահի դրությամբ իրականությանը չեն համապատասխանում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Հարցին` ՀՀ տարածքի շփման գծում հատման փորձեր չե՞ն նկատվել, մամուլի խոսնակի փոխանցմամբ` եթե նման բաներ լինեն, ՊՆ պարտադիր պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա:
Նշենք նաև, որ երեկվա սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ՊԲ հաղորդագրության համաձայն էլ` երեկ գիշերվա ու այսօր առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:
Հեղ.` Նոննա Բարսեղյան