Կարևոր իրադարձություններ

Հրազդանը՝ Երիտասարդական մայրաքաղաք (լուսանկարներ)

31 Հուլիս, 2022 11:48
Հրազդանը՝  Երիտասարդական մայրաքաղաք (լուսանկարներ)

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։

Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

«Տարածքային համաչափ զարգացումը ենթադրում է սոցիալական, կրթական, մշակութային ծառայությունների մատչելիություն և հասանելիություն՝ անկախ բնակության վայրից։

Եվ հրազդանցի երիտասարդները ևս պետք է հնարավորություն ունենան ապրելու երիտասարդական բուռն կյանքով։

Ցանկանում եմ՝ այդ առումով Հրազդանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, շարունակի իր գործառույթները ոչ միայն այս, այլև հետագա տարիներին ևս»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով հրազդանցիներին տոնի առթիվ։

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ իր ելույթում նշել է, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պարտավորեցնող է, և իրենք պատրաստակամ են աջակցելու երիտասարդներին կառուցողական բոլոր ծրագրերում։

 

Լրահոս

Դիտել ավելին