Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Կկարգավորվեն այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը

27 Հուլիս, 2022 19:50
Կկարգավորվեն այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի եւ Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երեւան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթեւեկության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Քննարկումը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ եւ խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթեւեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտների` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` այլընտրանքային  փոխադրամիջոցների հարցն այսօր բավական խնդրահարույց է, եւ քննարկումը նպատակ ունի վեր հանել խնդիրները եւ համագործակցելով` դրանց լուծումներ տալ:  «Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է եւ հասկանալը, թե այդ առաջարկներից որոնք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաեւ օրենսդրական  կարգավորման առարկա են, եւ մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել են, որ խնդիր, իրոք, կա, եւ որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթեւեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթեւեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաեւ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթեւեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաեւ չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ եւ  ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:

Առաջարկ եղավ ուսումնասիրել այլ երկրների փորձը, այդ նպատակով քննարկում կազմակերպել:

Ամփոփելով քննարկումը` Վիլեն Գաբրիելյանը եւ Զարուհի Բաթոյանը նշել են, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն եւ նպատակահարմար համարվելու դեպքում կընդգրկվեն Ճանապարհային ոստիկանության մշակած օրենսդրական փաթեթում: «Կաշխատենք այս քննարկումը տանել ավելի արդյունավետ ճանապարհով, որպեսզի արդյունքներն ավելի շոշափելի լինեն»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին