Կարևոր իրադարձություններ

Այնքան էր հասունացել պահը, որ հնարավոր չէր լռել. դատավոր Ալեքսանյանը՝ Դատավորների միությունը լքելու մասին

26 Հուլիս, 2022 15:58
Այնքան էր հասունացել պահը, որ հնարավոր չէր լռել. դատավոր Ալեքսանյանը՝ Դատավորների միությունը լքելու մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ 

«Առաջին լրատվական»-ի՝ ինչու է որոշել դուրս գալ Դատավորների միության անդամակցությունից հարցին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը պատասխանել է.

«Ավելացնելու որևէ բան չունեմ, մեկնաբանության կարիք չեմ տեսնում։ Ես ասում եմ, որ կոնկրետ այս քայլը որևէ կերպ չեմ մեկնաբանի»,-ասել է նա՝ չցանկանալով նշել պատճառները։

«Ես դատավոր եմ, ոչ թե քաղաքական գործիչ, ես չեմ սիրում հարցազրույցներ տալ, պարզապես այնքան էր հասունացել պահը, որ հնարավոր չէր լռել»,-հավելել է նա։

Բանն այն է, որ Արուսյակ Ալեքսանյանը ոչ միայն Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, այլ նաև համապատասխան գրություն է ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաև՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության և իր վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու և, որ ամենակարևորն է, իր կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու և կասկածի տակ դնելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը օրերս իր հարցազրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․

«Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու: Ամեն դեպքում, Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։ Նա հիշեցրել էր, որ ժամանակին իր նկատմամբ էլ է արշավ եղել` ոչ ոք չի սատարել, այդ թվում՝ Դատավորների միությունը:

Ազարյանը նաև գնահատական էր հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․

«Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին