Կարևոր իրադարձություններ

Ուժի մեջ է մտնում ակցիաների ու զեղչերի ոլորտը կարգավորող օրենքը

25 Հուլիս, 2022 15:44
Ուժի մեջ է մտնում ակցիաների ու զեղչերի ոլորտը կարգավորող օրենքը

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի.

սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.

սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.

տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.

հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.

նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։

Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։

Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով  սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է 

նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166207։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին