Կարևոր իրադարձություններ

Որ մարզիկները կարող են օգտվել անվճար բուժօգնությունից

25 Հուլիս, 2022 10:39
Որ մարզիկները կարող են օգտվել անվճար բուժօգնությունից

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ: Փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով. «Եթե նախկինում մենք ապահովում էինք մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը, որը կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում` մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից»:

Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության նախարարարութունը տեղադրել է պետական պատվեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության` ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. «Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում»:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ մարզիկների համար գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված Սպորտային բժշկության բաժանմունքը, որն ամբողջությամբ կահավորված է և հագեցած անհրաժեշտ բժշկական սարքերով:

 

Լրահոս

Դիտել ավելին