Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի Ազգային տոնին նվիրված երեկոյին (լուսանկարներ)

23 Հուլիս, 2022 11:33
ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի Ազգային տոնին նվիրված երեկոյին (լուսանկարներ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա  70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախարարը մասնավորապես ասել է․

«Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր այս տոնակատարությանը։ Այս տարի մենք նշեցինք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ երկու երկրներում թողարկվեցին հոբելյանական նամականիշներ, իրականացվեցին մի շարք հանդիսավոր միջոցառումներ։

Կարող ենք վստահորեն արձանագրել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։ Մեր հարաբերությունները խարսխված են դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում:
 
Արդյունավետ համագործակցություն է ձևավորել նաև մի շարք բազմակողմ հարթակներում»,- ասել է նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ օրակարգն իրապես հագեցած է և  տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել՝ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, աճում է առևտրաշրջանառությունը։
 
«Առաջիկայում նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացումը Կահիրեում, ինչը, համոզված եմ, ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալվում է նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։
 
Նախարար Խաչատրյանը շեշտել է նաև հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որը դարեր շարունակ նպաստել է ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանը։ Եվ այս առումով հատուկ շնորհակալություն է հայտնել այն հոգածության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։
 
«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը»,- նշել է նախարարն ու ընդգծել է նաև, որ, չնայած նշված բոլոր ձեռքբերումներին, Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները դեռևս ունեն առավել զարգանալու և ընդլայնվելու չիրացված մեծ ներուժ և, ինքը համոզված է, որ համատեղ ջանքերով կարելի է նոր ազդակ հաղորդել երկկողմ համագործակցության էլ ավելի խորացմանը:
 
Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալաություն է հայտնել նախարարին իրենց համար այս կարևոր և պատմական տոնին նվիրված երեկոյին ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար:
 
Դեսպան Դիսուկին, մատնանշելով երկու  երկրների կառավարությունների սերտ գործակցությունն ու ապագա ծրագրերը, երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը՝ ընդգծելով նաև  եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:
 
Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին իր ելույթում խոսել է նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա ուժեղ պատմական և մշակութային կապերի մասին՝ նշելով, որ այժմ գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է: Դեսպանը ընդգծել է նաև, որ Եգիպտոսի կառավարությունը շահագրգռված է զարգացնելու  հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ուղղություններով:
 

Լրահոս

Դիտել ավելին