Կարևոր իրադարձություններ

Քովիդը տուրիստների հետ վերադառնում է. «Հրապարակ»

23 Հուլիս, 2022 09:45
Քովիդը տուրիստների հետ վերադառնում է. «Հրապարակ»

Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։ 

«Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք հավելյալ աճ։ Մեր ռազմավարությունն այս առումով շատ հստակ է՝ կանխարգելել, որպեսզի հիվանդացությունը մտնի հիվանդանոցներ, եւ այս առումով արդեն իսկ իմ հանձնարարականը կա հիվանդանոցներին, որ պլանային հետազոտությունների, պլանային վիրահատությունների ժամանակ եւ սիմպտոմների առկայության պարագայում, երբ դիմում են հիվանդանոց, անպայման արվի քաղաքացիների թեստավորում, որպեսզի մենք պաշտպանենք այս օղակը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

- Այսինքն՝ մարդկանց զգոնությունը թուլացել է, եւ նույնիսկ տեսնելով, որ քովիդով են վարակվել, այլեւս չե՞ն դիմում հիվանդանոց կամ նախկին աչալրջությամբ այլեւս չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը։

- Դե, իհարկե, այո, քովիդը դարձել է մեր կյանքի մի մասը, եւ չենք կարող ակնկալել, որ աչալրջությունը մշտապես նույն մակարդակի վրա պետք է մնա։ Բայց ժամանակ առ ժամանակ հաջորդիվ մենք ունենալու ենք ալիքներ, որոնց զսպման եւ հնարավորինս մեղմ անցկացման մասով պիտի բոլորս ջանքեր կիրառենք, եւ առաջին հերթին համակարգը մշտապես պատրաստ է այս ալիքներին։

- Իսկ դուք ինչպե՞ս եք այդ ամենը վերահսկելու, որ եթե քաղաքացին սիմպտոմներ ունի, պարտադիր դիմի բժշկի, թեստավորում անցնի, որովհետեւ դա այնքան հիվանդանոցների ֆունկցիան չէ, որքան քաղաքացու գիտակցության խնդիր է։ 

- Մենք չենք կարող վերահսկել քաղաքացուն սեփական առողջական խնդիրների մասով որեւէ բան անելու հարցում, բայց մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որ նա ունենա հնարավորություն՝ դիմելու իր պոլիկլինիկա, անվճար թեստավորվելու եւ ստանալու իր պատասխանը։ Այնուհետեւ, երբ կունենանք դրական դեպք, տեղամասային թերապեւտի կողմից նա կգտնվի վերահսկողության տակ, իսկ եթե անհրաժեշտ լինի հոսպիտալացնել, գիտեք, որ այդ հատվածով եւս պետությունը հոգում է այդ ծախսերը, եւ կհոսպիտալացվի հիվանդանոց։ Այս պահին որպես քովիդ-կենտրոն գործում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավանի մասնաճյուղը, որն այս ընթացքում էլ ակտիվ վերանորոգման, վերազինման փուլում է, քանի որ ազատ մահճակալների թիվը բավականին մեծ էր, եւ մենք ամբողջությամբ պատրաստ ենք հոսպիտալացման։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին