Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

«Մոր զրույցը»` 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մասին. «Փաստ»

23 Հուլիս, 2022 08:55
«Մոր զրույցը»` 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմն ուզում ես մոռանալ ու չհիշել, բայց տղաներին ապրեցնելու տարբերակներից մեկը նրանց մասին պատմող գրքերն ու ֆիլմերն են, հոդվածներն ու տեսաշարերը: Դրանք մի փոքրիկ սփոփանք են դառնում ընտանիքների համար, իսկ երիտասարդներին հիշեցնում, որ իրենց տարեկիցները կյանքի գնով պահեցին հայրենիքը: Լիլիթի հետ ծանոթացա, երբ 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մասին նյութ էի պատրաստում:

Զրուցում էի նրա մայրիկի` տիկին Շուշանիկի հետ, երկար պատմեց որդու մասին, հետո էլ հավելեց` «Էդգարիս մասին գիրք կա գրված` «Մոր զրույցը», հեղինակը Լիլիթն է»: Լիլիթը պրոդյուսեր է, գրող, ներկայումս սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնում: Ասում է` նախքան այս գրքի հրատարակումը ևս ստեղծագործել է, հիմնականում գրել բանաստեղծություններ և փոքրիկ պատմվածքներ: Այդ կերպ արտահայտել է ներսում կուտակվածը, բայց տվյալ ժամանակաշրջանում հրապարակել չի ցանկացել:

 «Մտածել եմ` գիրք կգրեմ, բայց համոզված եմ եղել, որ դրա համար պետք է ավելի հասուն լինել, ինտելեկտուալ: Դա շատ պատասխանատու քայլ եմ համարում: «Մոր զրույցը» գրել եմ տիկին Շու շանիկի խնդրանքով: Սկզբում կասկածում էի, որ կստացվի: Բայց, հավանաբար, ինչ-որ գերբնական ուժ կար, որ դրդեց ինձ գրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Բնական է, որ կրկնակի պատասխանատու է գրել զինվորի մասին: «Հասկանում ես` գործ ունես իրական հերոսի հետ, գիտակցում ողջ պատասխանատվությունը: Երբ որոշեցի, թե ինչպիսին պիտի լինի ֆորմատը, ամեն ինչ ավելի բարդացավ: Պետք է փորձեի ամբողջությամբ զգալ մոր ապրումները, ամեն ինչ իմ միջով անցկացնել: Գրքում մայրը ոչ միայն մենախոսում է իր որդու, այլ նաև ընթերցողի ու ինքն իր հետ: Ապրումները, մոր սերը, մոր իրական կերպարը տեսնում ենք այս գրքում: Այստեղ ծանոթանում ենք ոչ թե հերոս Էդգարի, այլ նաև իր հերոս մայրիկի հետ: Պետք է շատ կարևորենք մեր ծնողներին, ուշադիր լինենք նրանց հետ շփման ժամանակ, ամեն հնարավորն անենք իրենց համար»,-նշում է զրուցակիցս:

«Մոր զրույցը» գրվել է յոթ ամիս: Լիլիթի խոսքերով, եղել են անգամ բառեր, որոնց ընտրության հարցում երկար տատանվել է, դա նրանից է, որ հասկացել է թեմայի կարևորությունը, վերացական մոտեցում չի ունեցել ստեղծագործությանը: «Յուրաքանչյուր հեղինակ պետք է շատ խիստ մոտենա իր աշխատանքին` անկախ թեմայից, եթե ինչ-որ բան կեղծի, ընթերցողը միանգամից կզգա»,-հավելում է հեղինակը:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է Լիլիթի և տիկին Շուշանիկի ծանոթության պատմությունը: «Էդգարի մայրիկի հետ ծանոթացել եմ իմ մայրիկի խնդրանքով, ասում էր` Էդգարը կարծես իմ երկրորդ որդին լինի:

Համացանցում տեսել էր Էդգարի լուսանկարները և տիկին Շուշանիկի հարցազրույցները, ասաց, որ գտնեմ իր տվյալները և հնարավորինս աջակցեմ նրան ու կողքին լինեմ: Ծանոթացանք, մտերմացանք, մինչ օրս էլ մեր ջերմ շփումը շարունակվում է: Չեմ կարող նաև իմ մայրիկին շնորհակալ չլինել, նա միշտ իմ կողքին է»,-ասում է Լիլիթը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին