Կարևոր իրադարձություններ

Ինչպես դիմակայել շոգին

22 Հուլիս, 2022 16:56
Ինչպես դիմակայել շոգին

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար Արցախի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝

խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
արևահարումը ևս պետք է կատարել թույլատրվող առավոտյան և երեկոյան ժամերին,

հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),

չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար:

Լող չկազմակերպել նաև գետերի, աղտոտված ափերով և ջրով հատվածներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին