Կարևոր իրադարձություններ

Մարզպետարաններին որևէ գրություն չենք ուղարկել. ԱԻՆ խոսնակը` մետրոյում ռումբ լինելու էլեկտրոնային ահազանգի մասին

22 Հուլիս, 2022 13:02
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Մարզպետարաններին որևէ գրություն չենք ուղարկել. ԱԻՆ խոսնակը` մետրոյում ռումբ լինելու էլեկտրոնային ահազանգի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հրապարակ» օրաթերթը «ԱԻՆ-ը մարզպետարաններին գրություն է ուղարկել և հրահանգել զգոն լինել» վերտառությամբ հոդված էր հրապարկել`կից լուսանկարով`գրելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին և իր ենթակա կառույցներին՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան և սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։ 

«Այդ ահազանգը մենք ստացել ենք: Մետրոպոլիտենի դեպքի ժամանակ է այդ ահազանգը տրվել: Երբ գրությունը ստացել ենք, ըստ կանոնակարգի, այդ գրությունը փոխանցել ենք մարզային մեր բոլոր կառույցներին ու նաև ասել ենք, որ ավելի զգոն իրականացնեն իրենց աշխատանքը, որովհետև նման ահազանգ ունենք»,- Shabat.am-ի հետ զրույցում մարպետարաններին գրություն ուղարկեու մասին լուրն այսպես մեկնաբանեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ավելացնելով`

«Իսկ ինչ վերաբերում է մարզպետարաններին, մենք մարզպետարաններին որևէ գրություն չենք ուղարկել: Մենք մեր համապատասխան ստորաբաժանումների ենք տեղեկացրել ու ավելի զգոն աշխատելու կոչ ենք արել»:

Իսկ հարցին, թե այդ գրությունն ուղարկողի իսկությունը պարզվե՞լ է, ստուգվե՞լ է` իսկապե՞ս Թուրքիայից էր ուղարկված, մամուլի խոսնակն ասաց, որ դրա պատասխանը չունի, քանի որ կարծում է`դա ոստիկանության կամ ԱԱԾ-ի տիրույթում է:

Իսկ թե որքանով կապ ունեն վերջին օրերի նմանատիպ ահազանգերն իրար հետ, Հայկ Կոստանյանը նշեց, որ այդ ահազանգը եղել է հեռախոսային տարբերակով , քաղաքացին հայտաբերվել է, իսկ ինչ վերաբերում է այս (Մետրոպոլիտենի - հեղինակ) դեպքին, այս ահազանգը էլեկտրոնային եղանակով է փոխանցվել:

Փորձեցինք Մետրոպոլիտենի դեպքի հետ կապված պարզաբանում ստանալ Ոստիկանությունից, սակայն լրատվության վարչությունից պատասխանեցին, որ Քննչականն է զբաղվում այդ գործով: ՀՀ քնչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ Shabat.am-ի հետ զրույցում ասաց. «Քրգործ չկա, Քննչականում վարույթ չունենք էդպիսի գործ: Դեռ չկա, ես հարցրել եմ չկա, ո՛չ Արաբկիրում, ո՛չ էլ Երևան քաղաքում, չկա գործ»: Իսկ որտեղ է այդ գործը, մամուլի խոսնակն ասաց. «Չգիտեմ, տեղյակ չեմ:

Նախօրեին տեղեկացրել էինք Մետրոպոլիտենի կայարաններում ռումբ լինելու ահազանգի մասին: Ուղևորներին տարհանել էին, մի քանի ժամ դադարեցվել էր մետրոյի բոլոր կայարանների աշխատանքը, իսկ օրեր առաջ էլ ահազանգ էր ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի` Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առանձնատանը ռումբ էր տեղադրված։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։ 

հ.գ «Հրապարակ»-ի ձեռքում հայտնված գրությունն էլ էլեկտրոնային եղանակով ստացված ահազանգի պատճենն է, որը ներկայացնում ենք ստորև.

 

 

Լրահոս

Դիտել ավելին