Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը Մոսկալկովային խնդրել է աջակցել գերիների վերադարձի հարցում

21 Հուլիս, 2022 19:34
ՄԻՊ-ը Մոսկալկովային խնդրել է աջակցել գերիների վերադարձի հարցում

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը տեսակապով զրուցել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ տարածք մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անձամբ իր կողմից իրականացվող ջանքերն ու տրամադրվող աջակցությունը։

«Տիկին Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով տիկին Մոսկալկովային կատարած կարևորագույն աշխատանքի համար, գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը տիկին Մոսկալկովայի աջակցությունն է խնդրել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ընդլայնել համագործակցությունը։

Տիկին Մոսկալկովան Գրիգորյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին կայանալիք Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին