Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում Ֆաթուլլահ Գյուլենին կալանավորելու որոշում է ընդունվել

19 Հոկտեմբեր, 2015 21:16
Թուրքիայում Ֆաթուլլահ Գյուլենին կալանավորելու որոշում է ընդունվել

Ստամբուլի թիվ 13 ծանր հանցագործությունների դատարանն, այսպես կոչված, «զուգահեռ պետության» կողմից «դեկտեմբերի 25-ին գաղտնի դավադրություն կազմակերպելու» մեղադրանքով, թիվ մեկ կասկածյալ Ֆաթուլլահ Գյուլենի հետ միասին 69 կասկածյալի նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունել:

Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ դատարանը Գյուլենի եւ նրա օգնական Սինան Դուրսունի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու համար նաեւ գրություն է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն:

Դատարանը հիշյալ գործով դատալսումները նշանակել է 2016 թվականի հունվարի 6-ին, 7-ին եւ 11-ին:

Դատարանի կողմից առաջ քաշված մեղադրականում ասվում է, որ «հարկադրանք եւ բռնություն օգտագործելով` Թուրքիայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ էլ` գործունեությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնելու նախաձեռնության» համար կասկածյալների նկատմամբ ծանր պայմաններով ցմահ ազատազրկում, իսկ «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով` երկու ոստիկանների 7,5-15 տարվա ազատազրկում է պահանջվում:

Բացի այդ, Գյուլենի եւ Դուրսունի նկատմամբ` «FETO/PDY զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու» մեղադրանքով 15-22,5 տարի, «պետության ներքին եւ արտաքին անվտանգությունը քաղաքական նկատառումներով խաթարելու, քաղաքական լրտեսական տեղեկություններ հավաքելու եւ տարածելու» մեղադրանքներով 22,5-30 տարի ազատազրկման հետ, ընդհանուր առմամբ, 37,5-52-5 տարի ժամկետով ազատազրկում է առաջարկվում:

Դատական հայցում Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը, նրա որդին` Բիլալ Էրդողանը, նախարարների որդիներ Բերաթ Ալբայրաքը, Սերհաթ Ալբայրաքը, Հաքան Ֆիդանը, Իսմայիլ Ռուշթու Ջիրիթը, Նիհաթ Օմերօղլուն եւ Յալչըն Աքդողանը հանդես են գալիս որպես «հայցվորներ», իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոշ նախարարներ եւ պատգամավորներ` որպես «տուժածներ»:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին` Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին