Կարևոր իրադարձություններ

Պարեկային նոր ստորաբաժանումների համար 175 տրանսպորտային միջոց ձեռք կբերվի

21 Հուլիս, 2022 12:41
Պարեկային նոր ստորաբաժանումների համար 175 տրանսպորտային միջոց ձեռք կբերվի

Կառավարության այսօրվա նիստում հայատարարվեց, որ չորս մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար 175 ավտոտրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով հատկացվեց 3 մլրդ 107 մլն դրամ։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարվել է ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերման գնման մրցութային ընթացակարգ, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել է չկայացած:

Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցչին կատարված հարցումներով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով՝ 175 միավոր և մինչև նոյեմբերի 15-ը ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում նախատեսվող գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են:

Այսպիսով բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել Toyota Fortuner մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, ըստ տեսակների, 15 միլիոն 900 հազար դրամ և 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով։

«Որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց, նշված գնման գների հաշվարկով հատկացնելով 3 մլրդ 107 մլն 5 հարյուր հազար դրամ, ներառյալ հարկերն ու այլ պարտադիր վճարները»,- ասաց Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սկզբունքորեն այս հարցը կարող էին չզեկուցվող ընթացակարգով ընդունել, բայց քանի որ կան զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր և նաև նախապատմություն, կարևոր են համարել զեկուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին