Կարևոր իրադարձություններ

Կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում. Արդարադատության նախարար

21 Հուլիս, 2022 12:58
Կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում. Արդարադատության նախարար

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում:

Նախարարի նաև նշեց, որ առաջիկա ամիսներին բոլոր գործող դատավորների բարեվարքությունը կստուգվի:

«Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»,- ասաց նա:

«Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք Կառավարությանը և այնուհետև՝ ԱԺ-ին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ռազմավարությունն անդրադառնում է նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումներին:

«Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ընդգծեց նա:

Նախարարի խոսքով՝ ռազմավարությամբ հատուկ աշխատանքներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության հետ կապված գործընթացում, վեճերի այլընտրանքային լուծման համակարգի հետ կապված ևս կան հստակ մոտեցումներ, հաշտարարության, նոտարիատի ոլորտներում ևս բարեփոխումներ կլինեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին