«Փաստ» օրաթերթը գրում է.
,Հայ արտահանողների «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանողների առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները երկու ժամանակահատվածի է բաժանում: Խոսքը տարեսկզբին ու արդեն այսօր առկա միտումներից բխող վնասների մասին է:
Նա շեշտեց, որ խնդիրը ոչ միայն դոլարի նկատմամբ առկա ճնշումն է, այլ նաև այն, որ հումքերը, նյութերը, բեռնափոխադրման ծառայություններն են թանկացել. «Բնականաբար, այս պայմաններում անմրցունակ ենք դառնում: Այո, որոշակի փոքրիկ թանկացումներ կարող ենք թույլ տալ թանկացման ընդհանուր միտումների համատեքստում, բայց պետք է հասկանանք, որ հայկական արտադրանքն ինքնին ցածր մարժայով է աշխատում: Մեր արտադրանքը բարձր մրցունակության դաշտում է ու, բնականաբար, եթե գինը 5 տոկոսից ավելի բարձրանա, գնորդն այլընտրանք է փնտրում:
Շատերը այդ այլընտրանքը գտնում են ու ոչ հայկական ապրանքների տեսքով: Եվ եթե հումք ես մատակարարում ու գործընկերդ արտադրանքիդ շնորհիվ ինքնարժեք է ձևավորվում, այդ դեպքում գների բարձրացումն ավելի ցավալի են տանում»,-ասաց նա: Էմիլ Ստեփանյանն ընդգծեց նաև ծառայություններ արտահանողների խնդիրների մասին, որոնք վճարվում են արտարժույթով. «Խոսքը, օրինակ՝ ծրագրավորողների մասին է, որոնք հիմնականում արտաքին պատվերներով են աշխատում: Ու այսօր հատկապես եվրոյով աշխատողները 25 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: