Կարևոր իրադարձություններ

Չորս երիտասարդից երեքը չունի անհրաժեշտ հմտություններ աշխատանք ձեռք բերելու համար. Յունիսեֆ

20 Հուլիս, 2022 12:28
Չորս երիտասարդից երեքը չունի անհրաժեշտ հմտություններ աշխատանք ձեռք բերելու համար. Յունիսեֆ

Երիտասարդության հմտությունների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կրթության հանձնաժողովը կրթական և հմտությունների համաշխարհային ճգնաժամը լուծելու կոչ են անում։

Տվյալներ տրամադրած 92 երկրում 15-ից 24 տարեկան երիտասարդների գրեթե երեք քառորդը աշխատանքի է դուրս գալիս առանց անհրաժեշտ հմտություններ ունենալու: Սրա մասին է ասվում Կրթական հանձնաժողովի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում, որ հրապարակվել է Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրվան ընդառաջ:

 «Կրթության վերականգնումարդյո՞ք երեխաները և երիտասարդները հմտությունների զարգացման առումով պատշաճ մակարդակի վրա են» զեկույցը վերլուծություններ է ներկայացնում վաղ մանկության, ինչպես նաև տարրական դպրոցական տարիքի և  երիտասարդության շրջանում հմտությունների զարգացման վերաբերյալ: Տվյալները փաստում են բոլոր տարիքային խմբերի երեխաների և երիտասարդների հմտությունների ցածր մակարդակը (ընդ որում, ցածր եկամուտ ունեցող երկրների երիտասարդներն ամենաքիչ հավանական է, որ ունենան այդ հմտությունները), որ անհրաժեշտ են բարեկեցության համար, հատկապես հետագայում զբաղվածություն ձեռք բերելու հնարավորությունների, արժանապատիվ աշխատանքի և ձեռներեցության առումներով:
 
«Կարևոր է, որ երեխաներն ու երիտասարդները ոգեշնչված և հմուտ լինեն: Այդպիսի սերունդը կարևոր նշանակություն ունի հասարակությունների և տնտեսությունների զարգացման, առաջընթացի և հաջողության համար: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում երեխաների և երիտասարդների մեծամասնությունը ձախողել է երկրներում առկա կրթական համակարգերի պատճառով, որ թողել է նրանց առանց կրթության, համապատասխան հմտությունների ու առանց ոգևորության», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը: «Հօգուտ ներկա և ապագա սերունդների  արագացված ուսման և հմտությունների զարգացման համար ծախսարդյունավետ ներդրումը հրատապ անհրաժեշտություն է այս ճգնաժամը լուծելու համար»:
 
Հաշվետվությունում նշվում է, որ կրթությունից դուրս մնացած երիտասարդների բարձր մակարդակի և միջին հմտությունների ցածր մակարդակի պատճառով աշխարհում երկրները բախվում են հմտությունների ճգնաժամի, երբ երիտասարդության մեծամասնությունը պատրաստ չէ այսօրվա աշխատաշուկայի մասը դառնալու:
 
Զեկույցում ասվում է, որ երկրների և ամենաաղքատ համայնքների միջև մեծ անհամաչափությունները խորացնում են անհավասարության մակարդակը: Հասանելի տվյալներ ունեցող ցածր եկամուտ ունեցող երկրներից առնվազն 1-ում երիտասարդների ավելի քան 85 տոկոսը չունի թվային և աշխատանաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների միջին մակարդակ:
 
«Որպեսզի երիտասարդները հաջողության հասնեն և համավարակով պայմանավորված ուսման բացերը լրացնեն, նրանց բազմակողմանիորեն պետք է աջակցենք. դա լավագույն տարբերակն է: Բայց մենք չենք կարող վերականգնել այն, ինչ չենք չափում: Մենք պետք է իմանանք, թե «որտեղ են» երեխաներն ու երիտասարդներն իրենց անհրաժեշտ հմտությունները ձեռքբերելու ճանապարհին և մշտադիտարկենք նրանց առաջընթացը: Ահա թե ինչու,Կրթության հանձնաժողովը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ գործընկերներ աշխատում են լուծել տվյալների բացերի խնդիրը, այդ թվում՝ գործարկել «Հմտությունների համաշխարհային ժամացույցը», որը կօգնի հետևել առաջընթացին, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստել ներկա սերնդին ապագայում բարեկեցիկ կյանք ունենալու համար»,- նշել է Կրթության հանձնաժողովի գործադիր տնօրեն Լիզբեթ Սթերը (Liesbet Steer):
 
Զեկույցում նաև նշվում է, որ 77 երկրներից ստացված տվյալները փաստում են, որ 3-ից 5 տարեկան երեխաների երեք քառորդից պակասն է հմտացել գրագիտության չափման չորս ոլորտներից առնվազն երեքում՝ թվաբանություն, ֆիզիկական պատրաստվածություն, սոցիալ-էմոցիոնալ զարգացում և ուսում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների մեծամասնությունը չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ: Այս հիմնարար հմտությունները հիմքն են հետագա կրթության և այլ հմտությունների զարգացման համար:
 
Ընդհանուր գրագիտություն և թվաբանություն; փոխանցվող հմտություններ, այդ թվում՝ կյանքի հմտություններ և սոցիալ-էմոցիոնալ հմտություններ; թվային հմտություններ, որոնք թույլ են տալիս անհատներին հասկանալ և կիրառել տեխնոլոգիաները; զբաղվածության ոլորտին հատուկ հմտություններ, որոնք օգնում են աշխատանք ձեռք բերել; ինչպես նաև ձեռնարկատիրական հմտությունները, որոնք ևս կարևոր են երեխաների զարգացման համար: Այս հմտությունները կարևոր նշանակություն ունեն նաև հասարակությունների և տնտեսությունների զարգացման համար:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կրթության հանձնաժողովը կոչ են անում կառավարություններին որակյալ կրթությամբ հասնել յուրաքանչյուր երեխայի և վերացնել այն խոչընդոտները, որոնց պատճառով երեխաները կրթությունից դուրս մնալու վտանգի տակ են հայտնվում; գնահատել երեխաների կրթության մակարդակը և բացերը լրացնելու համար դասեր տրամադրել; առաջնահերթություն տալ հիմնարար հմտություններին՝ ողջ կյանքի ընթացքում կրթվելու համար ամուր հիմք ստեղծելու նպատակով և աջակցել հոգեսոցիալական առողջությանն ու բարեկեցությանը` տրամադրելով բազմակողմանի աջակցություն: Զեկույցն ընդգծում է բոլոր տարիքային խմբերում երեխաների և երիտասարդների հմտությունների բացի մասին ավելի շատ տվյալներ ունենալու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին