Կարևոր իրադարձություններ

Հակոբ Սիմիդյանն այցելել է «Խոսրովի անտառ»

19 Հուլիս, 2022 20:51
Հակոբ Սիմիդյանն այցելել է «Խոսրովի անտառ»

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում:

Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին, ապա հանդիպում անցկացրել՝ քննարկելու ընթացիկ աշխատանքներն ու գույքագրելու առկա խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:

Նախարարը շնորհավորել է պարոն Օղիկյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն արգելոցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը։

Ռադիկ Օղիկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել իր փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել ոլորտում նոր ձեռքբերումների գրանցելուն:

Հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում, որտեղ ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:

Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:

Ապա նախարարն այցելել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոն, շրջել տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին․ քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:

Նախարար Սիմիդյանն այցը եզրափակել է Վեդիի ջրամբարի համար Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ջրընդունիչ կայաններ։ Կառուցված ամբարտակներն արհեստականորեն խոչընդոտում են ձկների բնականոն տեղաշարժին:

Տեղում քննարկվել է խնդիրը, նախարարը փաստել է, որ պետք է նոր լուծում գտնել, որը չի խոչընդոտի ձկների վերարտադրությանն ու միգրացիային։

 

Լրահոս

Դիտել ավելին