Կարևոր իրադարձություններ

Զորակոչիկների հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո. ՄԻՊ (լուսանկարներ)

18 Հուլիս, 2022 19:56
Զորակոչիկների հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո. ՄԻՊ (լուսանկարներ)

Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան:Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:

Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև հետևել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:

Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ, Պաշտպանին են ներկայացվել զորակոչին առնչվող և առաջնային լուծում պահանջող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ զորակոչիկների առողջական խնդիրների, կրթության ցենզի, տարկետումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների՝ այցի ընթացքում դրսևորած համագործակցության բարձր մակարդակը, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին