Կարևոր իրադարձություններ

281մլն դրամ շուկայական արժեքով շինություններն օտարվել են շուրջ 20 անգամ պակաս գնով. դատախազություն

18 Հուլիս, 2022 12:28
281մլն դրամ շուկայական արժեքով շինություններն օտարվել  են շուրջ 20 անգամ պակաս գնով. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսւմնասիրել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործըթնացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին: 

Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գնահատող ընկերությունը 2017թ. իրականացրել է նշված շինությունների գնահատում, որի արդյունքում տրված եզրակացությամբ նշված գույքի արժեքը 20.05.2017թ. դրությամբ կազմել է 12.997.600 ՀՀ դրամ: Եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրել այն հիմնավորմամբ, որ այն գույքի օտարման գործից բացակայում է:

Պարզվել է, որ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև գնահատման ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց  ծառայությունների մատուցման պայմանագրի:

Անցկացված մրցույթի արդյունքում 11.04.2018թ. կնքված պայմանագրով Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինություններն օտարվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամով: Գնորդը նշված գույքը շուրջ մեկ տարի անց վերավաճառել է 37.000.000 ՀՀ դրամով կամ սկզբնական գնահատման և վաճառքի արժեքից շուրջ 3 անգամ ավելի գնով:

ՀՀ Կադաստրի կոմիտե «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ 11.07.2022թ. դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 281.126.656 ՀՀ դրամ:

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, վարչության և վերոնշյալ ընկերության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության կողմից կազմված եզրակացությամբ 281.126.656 ՀՀ դրամ արժեքով շինությունները գնահատվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամ, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքը 11.04.2018թ. օտարվել է 12.997.600 ՀՀ դրամով կամ կամ շուրջ 20 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 268.000.000 ՀՀ դրամի խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին