Կարևոր իրադարձություններ

«Գևորգի ձայնի մեջ անգամ անհանգստություն կար». որդին ծնվել է հայրիկի զոհվելուց երկու ամիս անց. «Փաստ»

16 Հուլիս, 2022 08:34
«Գևորգի ձայնի մեջ անգամ անհանգստություն կար». որդին ծնվել է հայրիկի զոհվելուց երկու ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Գևորգի մասին խոսելիս առաջինը, ինչ գալիս է մտքիս, իր համեստությունն է: Անգամ իրեն էինք ասում՝ Գև ջան, տղան այդքան ամաչկոտ չի լինի: Բայց ինքն այդպիսին էր: Հանգիստ բնավորություն ուներ, լրիվ ուրիշ տեսակ էր դեռ մանկության տարիներից»,-եղբոր մասին «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում Սյուզին:

Եղբոր և քույրիկների միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ էր՝ մոտ տասը տարի, Գևորգը սպասված երեխա է եղել, երեք երեխաների մեջ ամենափոքրը: Ամենափոքրն ու ամենասպասվածը:

«Դպրոցում սովորելուն զուգահեռ 7-8-րդ դասարանից «Զաքարյան» ստուդիայում դուդուկի էր հաճախում, հետո սկսեց երգով զբաղվել, շատ էր սիրում երգը: Տարբեր մրցույթների է մասնակցել, պատվոգրեր ու շնորհակալագրեր ունի»,-նշում է քույրիկը:

Շատ մեծ նպատակներ ուներ, որոնք պետք է կյանքի կոչվեին, երբ վերադառնար ծառայությունից, գուցե երգը լիներ հետագա ճանապարհ հարթողը, գուցե այլ մասնագիտություն ընտրեր, բայց Գևորգը վստահաբար արժանի աշխատանք կգտներ, չէ՞ որ արդեն նորաստեղծ ընտանիք ուներ, իսկ երբ ծառայության մեջ լիներ՝ որդին էր ծնվելու: Որդին ծնվեց, բայց հայրիկի հետ նրա հանդիպումն այդպես էլ չկայացավ: «Իր 18-ամյակի օրն ամուսնացավ, բանակ զորակոչվելուց կինը հղի էր: Գևորգի տղան՝ Տիգրանը, ծնվեց 2020 թվականի դեկտեմբերի 27-ին՝ հայրիկի զոհվելուց ուղիղ երկու ամիս անց»,-ասում է Սյուզին, և ակամայից տեղափոխվում ենք 2020 թվական, երբ Գևորգը շատ տղաների նման զորակոչվեց Հայկական բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության:

Սյուզիի հետ զրույցս հուլիսի 14-ին էր՝ այն օրը, երբ լրանում է Գևորգի ծառայության երկու տարին, երբ Գևորգը պետք է զորացրվեր, Գևորգն ու էլի հարյուրավոր տղաներ, որոնք չեն բացի իրենց տների դռները, որտեղ իրենց միշտ են սպասելու:

«2020 թ. հուլիսին զորակոչվեց բանակ, հիշում եք՝ կարանտին էր, այցելություններն արգելված էին, նույնիսկ երդման արարողությանը չեն թույլատրել ներկա գտնվել: Իրեն չենք տեսել... Կարանտինի ընթացքում «Մարտունի-2»-ում է եղել, հետո տեղափոխեցին Հադրութ»,-մենք էլ մտովի տեղափոխվում ենք պատերազմական օրեր:

Սյուզին հիշում է, որ եղբայրը տան անդամներից մի քանի անհրաժեշտ պարագաներ էր խնդրել, նրանք էլ գնել էին, որ ուղարկեն, սակայն Գևորգը զանգել ու ասել է, թե գիշերն իրենց դիրքեր են «հանում», վիճակը լարված է, ոչինչ մի ուղարկեք, գնամ, գամ, հետո կուղարկեք: Բայց այդպես էլ Գևորգի համար գնված իրերը նրան չեն հասել:

«Ծառայությունից շատ գոհ էր, հարց ու փորձ էինք անում, որևէ անգամ չի դժգոհել: Անգամ պատերազմական օրերին, երբ զանգահարում էինք իրեն, խոսում, հարցնում՝ վիճակը ոնց է, ասում էր՝ մամ, հանգիստ է, անգամ, երբ կրակոցներ էին լսվում, մաման հարցնում էր՝ Գև, ի՞նչ ձայներ են, ասում էր՝ մերոնք են... Իր ձայնի մեջ անհանգստություն, նեղվածություն չկար, իր խոսքն էր՝ լավ է լինելու, միշտ հարցնում էր՝ իսկ լուրերով ի՞նչ են ասում, ե՞րբ է այս ամեն ինչը վերջանալու»,-վերհիշում ենք 44օրյա պատերազմի օրերը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին