Կարևոր իրադարձություններ

«Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

15 Հուլիս, 2022 20:06
«Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրականֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Փաստացի նշված կազմակերպությունները, ըստ իրենց կանոնադրությունների, իրականացնում են նմանօրինակ և նույնաբովանդակ գործառույթներ. արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը:

ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում ընկերությունները կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, թվայնացնում ու տարածում են ֆիլմերը, ինչպես նաև կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միաժամանակ այս կազմակերպությունները համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան)` ներկայացնելով կինոարվեստը միջազգային ասպարեզներում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում:

 

Լրահոս

Դիտել ավելին