Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը Ecolur.am կայքից հերքում է պահանջում

15 Հուլիս, 2022 14:02
Նախարարությունը Ecolur.am կայքից հերքում է պահանջում
Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել: Այս մասին նախարարությունը հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում, որում ասվում է.
 
«Ի պատասխան Ecolur.am լրատվական կայքում տեղ գտած «Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՋԹ տրամադրելով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին » վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն այն մասին, թե Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է իրավական ակտի պահանջ, չի համապատասխանում իրականությանը:
«Լոռվա Ամրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 09-ին շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտերը և կից փաստաթղթերը:
 
Հայտերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերությունը փհէկերի կառուցումը նախատեսում է Լոռու մարզում՝ Ձորագետ գետի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետը (նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N488-Ն որոշման հավելվածի 19)-րդ կետը, համաձայն որի Դեբեդ գետի Ձորագետ վտակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետ, մերժել է ջրօգտագործման թույլտվության հայտերը: Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, ինչպես նաև խնդրել է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է` ժամանակավորապես բավարարել Հայցվորի պահանջը: Վարչական դատարանը Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը 29.06.2021 թվականին բավարարել է` պարտավորեցնելով նախարարությանը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հայցվորի 08.02.2021թ. հայտի հիման վրա «Լոռվա ամրոց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություններ:
Նախարարությունը Հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, որից հետո, հիմք ընդունելով դատարանի որոշումը,կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրել է ջրլգտագործման թույլտվություններ: Հետևաբար, անհիմն է այն պնդումը, որ նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ է խախտել:
Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին