Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Ստորագրվեց հայ-հնդկական փոխըմբռնման հուշագիր. ԿԳՄՍՆ

14 Հուլիս, 2022 18:58
Ստորագրվեց հայ-հնդկական փոխըմբռնման հուշագիր. ԿԳՄՍՆ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնա­կատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։

Սույն հուշագրով կողմերը կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:

Ըստ հուշագրի՝ կողմերի հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոյի ոլորտով հետաքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները: Հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության «Հնդկական Եվրասիա կինոակա­դեմիայի» հիմնադրման հնարավորու­թյունները:

Շնորհավորելով կողմերին ստորագրված հուշագրի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ այն կհանդիսանա կինոոլորտում հայ-հնդկական երկարամյա և տարողունակ համագործակցության մեկնարկ՝ վերահաստատելով Հայաստանում կինոոլորտի թե՛ կրթական, թե՛ արտադրական օղակներում հնդկական կողմի հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության զարգացման առաջարկները դիտարկելու դիրքորոշումը։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալն ուրախությամբ արձանագրել է հուշագրի ստորագրման կարևորությունը՝ հիշատակելով հայ-հնդկական բարեկամությունն ու դարավոր ամուր կապերը։ Հնդիկ դիվանագետը համոզված է, որ այս ձեռնարկը շուտով կտա իր արդյունքները՝ վերաճելով մեծածավալ նախագծերի:

 

Լրահոս

Դիտել ավելին