Կարևոր իրադարձություններ

Մշակութային գործունեություն ծավալող ո՞ր խմբերը կընդգրկվեն նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ

14 Հուլիս, 2022 15:16
Մշակութային գործունեություն ծավալող ո՞ր խմբերը կընդգրկվեն նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Նախաձեռնության  նպատակն է  նաև  էապես  բարձրացնել  ժողովրդական  երաժշտության  և  պարի հանրային վարկանիշը:

Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ. դրանք են՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին