Կարևոր իրադարձություններ

Պետբյուջեից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

14 Հուլիս, 2022 11:57
Պետբյուջեից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

Կառավարության այսօրվա նիստում առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի՝ 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ շինարարական աշխատանքները փաստացի սկսելու»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ  շեշտեց, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները լուծված չեն:

«Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Բացի այդ խնդրից՝ մենք ունենք նաև սահմանվածից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակի»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին