Կարևոր իրադարձություններ

Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ. ԿԳՄՍ փոխնախարարը՝ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանին

13 Հուլիս, 2022 18:25
Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ. ԿԳՄՍ փոխնախարարը՝ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանին և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ: Ուրախ եմ, որ հայ-ռումինական կապերի զարգացմանը, ինչպես նաև Ռումինիայում հայ համայնքի գործունեությանը նպաստող մշակութային և կրթական նախագծերի իրականացման վերաբերյալ հարցերը ձեզ հետ քննարկելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է, որ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեն ակտիվորեն մասնակցել սփյուռքահայ մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման ծրագրերին և համաժողովին՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցելություններն ու հանդիպումները նպաստում են հայ-ռումինական կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Վարուժան Մինասյանը որոշ կենսագրական տվյալներ է ներկայացրել իր քաղաքական և հասարակական գործունության վերաբերյալ, անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի խնդիրներին և ծրագրերին:

«Ռումինիայի հայ համայնքը խոշորագույններից մեկն է, որը բավականին ակտիվ է և ամենակարևորը՝ միասնական: Հայ համայնքը վայելում է Ռումինիայի կառավարության հարգանքը, համայնքի խոսքը հասանելի և լսելի է պետության կողմից, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես Ռումինիայի իշխանությունները շատ հայանպաստ դիրքորոշում ունեն»,- նշել է Վարուժան Ոսկանյանը:

Ռումինահայ գրողն ընդգծել է նաև, որ թարգմանիչների խնդիր կա, և որոշ դժվարություններ են ծագել իր հեղինակությամբ «Շշուկների մատյան» վեպի այլ լեզուներով թարգմանության առնչությամբ:

ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն ասել է, որ հետևողականորեն կաջակցեն հարցը հնարավորինս շուտ լուծելու գործընթացին:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն էլ հավելել է, որ դեսպանատունը կապող օղակ կարող է դառնալ Վարուժան Ոսկանյանի և ԿԳՄՍ նախարարության միջև՝ նպաստելով նախատեսվող ծրագրերի և առաջարկների իրականացմանը:

Հավելենք, որ Վարուժան Ոսկանյանը ռումինահայ պետական-քաղաքական գործիչ է, տնտեսագետ, գրող։ Նա եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թթ., 2012-2013 թթ.)։ 1990 թվականից Ռումինիայի հայոց միության նախագահն է, 2005 թվականից էլ Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահն է: Վարուժան Ոսկանյանի գրքերը թարգմանվել են 18 լեզվով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին