Կարևոր իրադարձություններ

Ցանկացած բարեփոխում զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի. Արա Ֆիդանյան

12 Հուլիս, 2022 23:40
Ցանկացած բարեփոխում զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի. Արա Ֆիդանյան

Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական, մասնագիտական, կառուցվածքային եւ աջակցող ստորաբաժանումներից: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով կառույցի հիմնական, մասնագիտական եւ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԺ կողմից Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, երբ կամբողջանա Ոստիկանության կառուցվածքը, ըստ Արա Ֆիդանյանի, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների, խնդիրների ու գործառույթների, կատարվող աշխատանքների ծավալի եւ անձնակազմի թվի հարաբերակցության աուդիտ, որի ընթացքում կորոշվեն ենթակառուցվածքային ստորաբաժանումները եւ անձնակազմի քանակը, կվերացվեն գործառույթների կրկնողությունները եւ կբացառվի ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ վերջիններիս գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված, պրոֆեսիոնալ կառույցների չափանիշներին: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով եւս նախատեսվում են բարեփոխումներ, որի տեսլականը նախնական ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստին եւ վերջնական հավանության արժանանալուց հետո առավել դետալային քննարկման կներկայացվի բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին:

«Ոստիկանության զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար եւս առաջնահերթություն է համարվում: Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է Ոստիկանության զորքերի եւ պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձեւավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»,- ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ: Նա անդրադարձել է նաեւ Ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը: «Ոստիկանությունն այսօր հանրապետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներ լուծող կառույց է, եւ որեւէ բարեփոխում այնպիսի զգուշությամբ եւ մտածված պետք է իրականացվի, որ համակարգը չենթարկվի ցնցումների»,- ամփոփել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:

Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը ելույթում անդրադարձել է նախարարության դերակատարությանը, պետական ապարատում կառույցի գործառույթներին: Նա ընդգծել է լիազորությունների ճիշտ սահմանազատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել եւ մնում է ճիշտ հավասարակշռությունը, գործառույթների հստակ սահմանազատումը եւ հսկողության պատշաճ ընթացակարգերը: Խոսելով ՆԳՆ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասել է. «Եթե մենք ցանկանում ենք ունենալ ապաքաղաքական ոստիկանություն, պետք է ունենանք ՆԳՆ: Սա աքսիոմա է»: Նրա դիտարկմամբ՝ ոստիկանության համակարգում տեսանելի բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության ներդրումն է՝ միակ ռազմավարական ծրագիրը, որը 2008 թ. հետո ունեցել է միջազգային հանրության ու իշխանության աջակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին