Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ն կքննարկի աշնանը

12 Հուլիս, 2022 19:48
ՆԳՆ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ն կքննարկի աշնանը

Հանցագործության, իրավախախտումների դեմ պայքարը չունի քաղաքական պատասխանատու: Մենք առողջապահության բնագավառում ունենք քաղաքական պատասխանատու՝ ի դեմս առողջապահության նախարարի, տնտեսության բնագավառում ունենք, ՊՆ բնագավառում ունեք, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու: Մենք չպետք է ակնկալեինք, որ այս ոլորտը պիտի նորմալ զարգացում ապրեր այս իրավիճակում: Մեզ անհրաժեշտ է նախարարություն ստեղծելն ու նախարար ունենալը. «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Նա ընդգծել է, որ կարեւոր է՝ ոստիկանությունը ունենա քննչական մարմին, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ չծանրաբեռնվի:

«Սա չափազանց կարեւոր նախաձեռնություն է, եւ մենք, որպես քաղաքական ուժ, լինելու ենք այս բարեփոխումների կողքին, պաշտպանելու ենք դրանք, քանի որ համարում ենք, որ դրանք ուղղակի կենսական կարեւոր են մեր երկրի եւ պետականության համար»,- իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը:

Ելույթ ունեցողները դրական են գնահատել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ:

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալափյանը, որը դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում,  ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ Ոստիկանության համակարգում նկատելի բարեփոխումները պայմանավորելով նաեւ կրթական բաղադրիչի առկայությամբ: «Եթե Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը եւս, որում չեմ կասկածում, ուղեկցվի կրթությանը բավականին մեծ ուշադրությամբ եւ գործուն քայլերով, կարծում եմ, որ այս բարեփոխումը կհաջողվի»,- ասել է նա:

ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրը, իր ելույթում ներկայացնելով Էստոնիայի փորձը, անդրադարձել է իրավապահ մարմինների քաղաքացիական վերահսկողության եւ, ընդհանուր առմամբ, հանրային անվտանգության հարցերին: Կարեւորելով ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ Լաուրի Թաբուրը գնահատանքով է խոսել ոստիկանական ծառայության աշխատանքի մասին: Նա շեշտել է համակարգում թվայնացման եւ համապատասխան կադրերով ապահովելու հարցերը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը արդյունավետ եւ կառուցողական է գնահատել խորհրդարանական լսումներում կայացած քննարկումները: Նրա խոսքով՝ քննարկումները դեռեւս շարունակվում են, 10-օրյա ժամկետում կլրամշակվի փաթեթը: Ընդգծելով, որ ՆԳՆ-ի ձեւավորման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, Արփինե Սարգսյանը նշել է, որ դեռեւս շատ աշխատանքներ պետք է իրականացվեն գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ելույթներում հնչած տեսակետներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ: Ոլորտում կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է նոր, հանրության կողմից ընդունելի հատկանիշներով եւ կերպարով ոստիկանի կերտումը:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին