Կարևոր իրադարձություններ

3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին

12 Հուլիս, 2022 18:30
3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը և «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է գործընկերներին «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով այն հանգամանքը, որ այն համահունչ է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրին և մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը:

«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ. նախ՝ հստակ կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև, 2-րդ՝ մեծ բյուջեով՝ 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, ինչը 3 տարվա կտրվածքով ենթադրում է շոշափելի արդյունքներ, և ամենակարևորը՝ ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու՝ շեշտադրելով կարողությունների զարգացումը, նորարարության խթանումը, մշակույթի ոլորտում միջազգային երկխոսությունների կայացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով ծրագրի՝ Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր մաս լինելու իրողությունը:

«Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից (ՀԲԸՄ, գլխավոր դիմորդ)՝ «Ստեղծարար Հայաստանի» («Creative Armenia») հետ համագործակցությամբ։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է ՀԲԸՄ-ի՝ որպես կրթության և մշակույթի ոլորտների առաջընթացին նպաստող աշխարհի խոշորագույն հայկական կառույց լինելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան է ստեղծարարության աջակցմանը:

«Կատապուլտ» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը, զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս ծրագրի մեկնարկը որակել է որպես միմյանց շնորհավորելու լավ առիթ և գնահատել այն որպես մշակութային օղակների զարգացման խթան. «Նախորդ տարիների ընթացքում ախտորոշել ենք մշակույթի ոլորտի խնդիրները, գիտենք, թե մեզ ինչ է անհրաժեշտ, ինչ արդիականացման միջոցառումների կարիք ունենք: Խնդիրների առատությունն ու տարիների ժառանգած բեռը հնարավոր չէ միայն պետական գերատեսչության ռեսուրսներով կարգավորել և իրականացնել: Եվ մեզ համար չափազանց կարևոր է ունենալ այսպիսի լծակ՝ մասնագիտական և ֆինանսական աղբյուր, որը մեզ տանում է մշակութային հաստատությունների կառավարման մոդելների արդիականացման և մշակույթի տնտեսականացման ճանապարհով»:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ երեք տարի անց գործ կունենանք մշակույթի ոլորտի բոլորովին այլ իրողության հետ:

ԵՄ ներկայացուցիչը՝ Ֆրանկ Հեսսը, ևս կարևորել է համագործակցությունը և համատեղ ջանքերով նոր ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ այս հուշագրով ընդգծվում են առկա խնդիրներն ու բարդությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները:

«Կատապուլտ» ծրագրի շրջանակում «Creative Armenia»-ն կառաջնորդի իր ստեղծած և զարգացրած «Artbox» ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրերը: Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի և ակսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին:

Ծրագրի ներկայացմանը հաջորդել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Նշենք, որ ծրագրի շրջանակում օրվա 2-րդ կեսին մեկնարկել է «Կենսակայուն. ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը:

 

Լրահոս

Դիտել ավելին