Կարևոր իրադարձություններ

Դեղատներում իրացվել են չգրանցված դեղանյութեր. ՊԵԿ (տեսանյութ)

12 Հուլիս, 2022 15:16
Դեղատներում իրացվել են չգրանցված դեղանյութեր. ՊԵԿ (տեսանյութ)

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր:Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի  արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր:

Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող,ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում: Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մի շարք տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկված և իրականացված  համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ:

Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն  և  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ 

Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում:

Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար:

Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:

Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում  դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ:

Կոմիտեն   հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց՝ հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին