Կարևոր իրադարձություններ

Շրջանավարտների առնվազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ․ ԿԳՄՍ փոխնախարար

12 Հուլիս, 2022 00:04
Շրջանավարտների առնվազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ․ ԿԳՄՍ փոխնախարար

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։

Միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատատությունների զարգացման գործում։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է:

«Ինչպես գիտեք, ներկայում քննարկման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թ. համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին և դրա կարևորությանը: Մասնավորապես, սահմանվել է հստակ թիրախ, համաձայն որի՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատությունների շրջանավարտների առնազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ։ Սա խիստ հավակնոտ թիրախ է, որը մեր առջև դնում է լուրջ մարտահրավերներ, որոնք առաջին հերթին գործում են որակի ապահովման դաշտում»,- փաստել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների հաղթահարման եղանակներից մեկը հաստատությունների հավատարմագրումն է և որակի ապահովման համակարգերի ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք օգնում են համակարգային խնդիրները վերհանել և լուծել։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ այս հարցում անհրաժեշտ են արագ լուծումներ, որոնք կապված են ոչ միայն հավատարմագրման գործընթացի, այլև հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացման հետ: Նա փաստել է՝ խնդիրների հաղթահարման համար առկա են բոլոր նախադրյալները՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների տեսքով:

Ըստ փոխնախարարի՝ այս գործում իր նշանակալի նպաստը կբերի մասնագիտական կրթության և ուսուցման օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար:

«Մենք աշխատում ենք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և դիտարկում ենք՝ ինչպիսի նրբություններ ու առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որպեսզի հետագա գործընթացները լինեն ավելի թիրախային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունն իր հետագա աշխատանքներում հաշվի կառնի համաժողովի ընթացքում հնչած բոլոր կարևոր առաջարկները:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Ելույթներից հետո շահակիցների հետ տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել արտաքին գնահատման գործընթացների արդյունքներին և առկա մարտահրավերներին՝ կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից: Քննարկվել են նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին