Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան

11 Հուլիս, 2022 19:11
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ և ՊԵԿ ստրաբաժանումների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:

Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Քուտաշվիլիի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային եւ հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրացի գործընկերները ներկայացրել են բաց բյուջեի հետազոտության երեք՝ բյուջետային գործընթացի թափանցիկություն, մասնակցողականություն եւ վերահսկողություն բաղադրիչների մասով Վրաստանի փորձը, մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում կատարված բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումները:

Այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին