Կարևոր իրադարձություններ

Ձեզնից է կախված երազանքների իրականացումը և թե ինչ հաջողություններ կունենաք. նախագահը՝ ՀՊՏՀ-ի շրջանավարտներին (տեսանյութ)

08 Հուլիս, 2022 22:20
Ձեզնից է կախված երազանքների իրականացումը և թե ինչ հաջողություններ կունենաք. նախագահը՝  ՀՊՏՀ-ի շրջանավարտներին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

Նախագահը շնորհավորել է ապագա տնտեսագետներին և հաջողություններ մաղթել:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ես նայում եմ հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր համարվում են շրջանավարտ և ուզում եմ հասկանալ, թե ինչ զգացմունք կա նրանց մեջ, որովհետև ուզում եմ ինձ ձեր տեղում պատկերացնել 1980 թվականին, երբ ես շրջանավարտ էի: Ավարտում էի այն ժամանակվա Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որի իրավահաջորդը համալսարանն է:

Տարբերությունը շատ մեծ է, բացի ժամանակից, բովանդակության առումով էլ: Այն ժամանակ մենք Խորհրդային միության մի մաս էինք, հիմա դուք Հայաստանի Հանրապետության, անկախ պետության Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ եք:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ կա, որի գնահատականը դեռևս ամբողջապես չենք գիտակցել՝ դուք ազատ մարդիկ եք, ամբողջապես ազատ մարդիկ եք: Այսօր ձեր կյանքում մի շատ կարևոր իրադարձություն է կատարվում, դուք ստանում եք դիպլոմ և ձեր կյանքի մի էջը փակվում է և սկսվում մեկ այլ էջ, որը շատ ավելի հետաքրքիր է լինելու իր անակնկալներով, իր լավ ու վատ կողմերով, բայց համոզված եմ նաև՝ ձեր համար ձեռքբերումներով:

Ինչքանով ձեր հաջորդ էջը կբացվի լավ, ինչքանով դուք հաջողակ կլինեք, ինչքանով դուք իսկապես ինքներդ բավարարված կլինեք ձեր տեղով հասարակության մեջ, պետության մեջ, կախված է ձեզանից:Դուք արդեն ինքնուրույն եք: Սա շատ կարևոր է: Հիշենք մի բան, որ դուք եք լինելու ձեր կյանքի կերտողը, մինչ հիմա է, գուցե էլի ինչ-որ ժամանակ ձեզ օգնողներ են լինելու, ձեզ ուսուցանողներ են լինելու՝ ձեր ծնողները, ձեր դպրոցի ուսուցիչները, համալսարանի դասախոսները, բայց կյանքի հետագա շրջանում դրանք ավելի քչանալու են և դուք ինքներդ եք ավելի պատասխանատու լինելու ձեր արարքների համար:

Եվ այն ազատությունը, որ դուք ստացել եք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դա նաև պատասխանատվություն է նրա համար, թե ինչ եք ստացել այստեղ և ինչպես եք այն կիրառելու: Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, ունեք ուժ, կորով, երիտասարդ եք, ունեք նախաձեռնություններ, մեծ հնարավորություններ և ամենակարևորը՝ երազանքներ և դուք այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու:

Ես էլի կրկնում եմ՝ ձեզնից է կախված այդ երազանքների իրականացումը և թե ինչ հաջողություններ կունենաք:

Ես համոզված եմ, որ այն գիտելիքները, որ դուք ստացել եք այս տարիների ընթացքում, դրանք իսկապես պետք են լինելու ձեր կյանքում և մասնագիտական առումով, և մարդկային առումով, որովհետև համոզված եմ, որ համալսարանում իսկապես արժանի մարդիկ են եղել ձեր դասախոսները:

Ես շատերին ճանաչում եմ, շատերի հետ սովորել եմ, գիտական գործունեությամբ եմ զբաղվել, և գիտեմ, որ այդ մարդիկ պատասխանատու են վերաբերվում իրենց մասնագիտությանը: Համոզված եմ, որ դուք իսկապես կդառնաք Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ, կլինեք մարդիկ, որոնք մեր երկիրը կդարձնեն ավելի լավը, մեր երկիրը կզարգացնեն, որովհետև մեր երկրի միակ կարող ուժը դուք եք և ձեր նմանները՝ այսինքն մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ովքեր կրթված են և դրանով կարող են օգնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքին, որպեսզի մենք ապրենք ավելի անվտանգ, լինենք ավելի ուժեղ և իսկապես բոլոր փորձություններին դիմանանք:

Ես սրտանց ձեզ հաջողություններ եմ մաղթում, անձնական երջանկություն, առողջություն և բոլորիս մաղթում եմ, որ մենք իսկապես կարողանանք մեր երկիրը ծաղկեցնել մեր գիտելիքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին