Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    412
    434

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Վկայականներ՝ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցներին

08 Հուլիս, 2022 21:44
Վկայականներ՝ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը վերահաստատել է, որ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված են նաև քաղաքացիական կրթությունից։

«Անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության իրազեկված և պատասխանատու քաղաքացու դիմագծի կերտմանը։ Պետք է գիտակցենք, որ կրթական բոլոր բաղադրիչների հիմքում քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակության զարգացումն է. սովորողը՝ որպես գիտակից քաղաքացի, պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները և այդ գիտելիքները կիրառի կյանքում` ի շահ մեր երկրի և սեփական բարեկեցության»,- շեշտել է նախարարը:

Վահրամ Դումանյանը փաստել է՝ ի սկզբանե 4 բուհում մեկնարկած դասընթացը, հիմնվելով ինտերակտիվ մեթոդաբանության և դասավանդման նորարարական մոտեցումների վրա, մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում: Դրա արդյունքում 2022 թվականին ևս 6 բուհ միացել է ծրագրին:

«Սա խոսում է ծրագրի արդյունավետության, կազմակերպիչների նախանձախնդրության, քաղաքացիական կրթության կազմակերպման գործում հանձնառության բարձր մակարդակի գիտակցման մասին»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար։

Վահրամ Դումանյանը նաև շնորհավորել է դասընթացի շրջանավարտներին և նրանց մաղթել հաստատակամություն ու տոկունություն՝ ստացած կայուն գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին` նշելով, որ երիտասարդները երկրի ապագան են, հետևաբար նրանց կարողությունների հզորացումը և հմտությունների զարգացումը շատ կարևոր է: Նա հավաստիացրել է, որ դասընթացը ոչ միայն անմիջական ազդեցություն կունենա ծրագրին մասնակից երիտասարդների վրա՝ նպաստելով քննական մտածողության զարգացմանը, այլև կազդի Հայաստանի ապագայի վրա՝ խթանելով ակտիվ, իրազեկ և ներգրավված քաղաքացիների սերնդի ձևավորմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախագծին աջակցելու համար:

Ողջույնի խոսքերին հաջորդել է պանելային քննարկումը, որի ընթացքում ուսանողները և դասախոսները կիսվել են իրենց փորձով ու քննարկել Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները: Ուսանողները ներկայացրել են Հայաստանում քաղաքական վերափոխմանն աջակցող իրենց համայնքային նախաձեռնությունները:

Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները ստացել են վկայականներ նախագիծն իրենց բուհերում և համայնքներում հաջողությամբ իրականացնելու համար:

Նշենք, որ դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։ Դասընթացն այժմ ընթանում է ՀՀ ութ բուհերում` Գորիսի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Վանաձորի պետական, Բրյուսովի անվան պետական և Հայբուսակ համալսարաններում, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։

Մինչ օրս դասընթացին մասնակցել է ավելի քան 250 ուսանող, և ավելի քան 30 դասախոս վերապատրաստվել է՝ քաղաքացիական կրթության նորարարական և ինտերակտիվ մեթոդաբանության կիրառման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին