Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ում հյուրընկալվեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

08 Հուլիս, 2022 18:16
ԱԻՆ-ում հյուրընկալվեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հուլիսի 8-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ 

Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 20 տարի:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Եմիշյանը, ամերիկյան գնահատման թիմի կազմում ներգրավված էին SPIN Global մարդասիրական կորպորացիայի հիմնադիր տնօրեն, թիմի ղեկավար Ջոել Թոմասը, արտակարգ իրավիճակների պատրաստություն և քաղաքացիական իշխանություններին պաշտպանական գերատեսչության աջակցության փորձագետ Կառլ Ֆ․ Ֆրանցը, արտակարգ իրավիճակներին քաղաղաքացիա-ռազմական պատրաստվածության (CMEP) գնահատման վերլուծաբան Ալեքսա Սքուիրինին և ԱՄՆ դեսպանության Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Մայոր Դենիել Սինգլտոնը:

Կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերը բոլոր տեսակի վտանգների ժամանակ, նաև պատրաստվածության պլանավորման և արձագանքման հարցեր:

Թիմի առաջին այցը գերատեսչություն տեղի էր ունեցել 2019 թվականին: Դավիթ Համբարյանը կարևորել է երկրորդ այցը՝ նշելով մեր երկիրը վերջին տարիներին անցել է բարդ փորձություններով՝ «Քովիդ-19» և պատերազմ:
«Այցը թույլ կտա լրացումներ կատարել նախորդ հանդիպման ժամանակ կազմված գնահատման զեկույցում»,- նշել է նախարարի տեղակալը:

Իր հերթին Ջոել Թոմասը ևս կարևորել է հանդիպումը և նշել, որ իրենց նպատակն է հասկանալ այդ փոփոխությունները, մատնանշել ուժեղ կողմերը, մարտահրավերները և բացերը, որոնք կան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, նաև գերատեսչության դերը «Քովիդ-19»-ի և պատերազմի ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի հետ հուլիսի 12-ին նախատեսվում է ընդլայնված կազմով հանդիպում-քննարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին