Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Սյունիքում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ

08 Հուլիս, 2022 12:12
Սյունիքում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոնների բացման, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելն այդ մարզում կիրառելու հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը: Ծրագիրը, որը համակարգում է ԿԳՄՍՆ-ն, իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինական կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ՝ Կապան և Գորիս համայնքներում: ՔՈԱՖ-ի աջակցությունը կլինի հետևյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու և հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող  ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի և ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

ՔՈԱՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է գնահատման գործընթաց՝ առկա մարտահրավերները և խնդիրներն արձանագրելու տեսանկյունից: Նա գոհունակությամբ փաստել է՝ առկա է բավականին լավ առաջընթաց և արդյունավետ համագործակցություն ծրագրի մասնակիցների միջև:

Ժաննա Անդրեասյանը ևս շեշտել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ աջակցելու գործընթացին: Նրա խոսքով՝ առաջիկա տարիների համար կրթության ռազմավարության գերակայություններից է ողջ հանրապետությունում ունենալ որակյալ և հասանելի կրթություն՝ անկախ բնակավայրից, և դա ոչ միայն շենքային պայմաններն են, այլ նաև՝ կրթության բովանդակությունը: Այս համատեքստում փոխնախարարը մատնանշել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարցը՝ ընդգծելով, որ այս երկու բաղադրիչները պետք է լինեն իրար համահունչ և փոխլրացնող, ինչպես նաև հասանելի բոլոր երեխաների համար:  Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ողջ հանրապետությունում:  Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս առումով վառ օրինակ է ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնի գործունեությունը, այդ թվում՝  անգլերենի ուսուցման և  դասավանդման փորձի տեսանկյունից: «Ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք որակյալ կրթություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի մարզում ևս այս մոդելը հաջողությամբ կիրականացվի, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստաման մասով:

Փոխնախարարը նաև ներկայացրել է Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում աշակերտների և ուսուցիչների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ գտնելու հարցը: «Այսինքն՝ առկա է համակարգված մոտեցում՝ ժամանակակից ենթակառուցվածքներ, տրանսպորտային ծառայություններ, միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության զուգահեռ կազմակերպում»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ ներկայում  ծրագրի շրջանակում իրականացվում է կարիքների քարտեզագրում և գնահատում:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի այլ մանրամասներ:

 

Լրահոս

Դիտել ավելին