Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում շնաձկների ափ հասնելու պատճառը ոչխարներով բեռնված նավի խորտակումն է. կա 2 զոհ

08 Հուլիս, 2022 11:23
Եգիպտոսում շնաձկների ափ հասնելու պատճառը ոչխարներով բեռնված նավի խորտակումն է. կա 2 զոհ

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում շնաձկների հարձակումների հետևանքով Սահլ-Հաշիշ հանգստյան գոտու լողափերը մի քանի օր փակ կլինեն։ Այն գտնվում է Հուրգադայի հարավային մասում, օդանավակայանից հեռու է 20 կմ։ Փոխանցում է «МИР 24»-ը։

Նշենք, որ այս հանգստյան գոտում է գտնվում նաև «Բարոն» շքեղ հյուրանոցը։

«Խորտակվել է մի նավ, որի մեջ եղել է 1600 ոչխար։ Շնաձկները եկել են մսի հոտի վրա։ Սա նրանց համար անսովոր սնունդ է, շնաձկներն իրենց էկոհամակարգում սովոր են ձուկ ուտել։ Եվ ոչխարների հոտը նրանց գրգռել է, և այժմ նրանք լողում են դեպի ափեր։ Նավը շրջվել է ափից ոչ շատ հեռու։ Անհրաժեշտ էր ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը։ Իշխանություններն իմացել են այդ մասին, ողբերգությունից հնարավոր էր խուսափել»,-ասել է «Ծովային հրեշտակներ» ակումբի ղեկավար, դայվինգի հրահանգիչ Եկատերինա Ռիշկովան:

«Հիմա լողափերը փակել են երեք օրով, այն էլ միայն Սահլ-Հաշիշից մինչև Մակադի-Բեյ։ Դա շատ քիչ է։ Պետք է փակել ամբողջ լողափերը մինչև Էլ-Գունա, և ոչ երեք օրով»,-ասել է «Զբոսաշրջային  գործակալությունների ալյանսի» փոխնախագահ Ալեքսեյ Մկրտչյանը։

Այլ աղբյուրներով՝ շոգենավը շրջվել է Եգիպտոսի հարևան Սուդանի ափերի մոտ։ Ոչխարները տեղափոխվում էին Սաուդյան Արաբիա, որտեղ հուլիսի 9-ին նշվում է Կուրբան Բայրամ տոնը, որի ընթացքում գառներ, ոչխարներ, այծեր ու խոշոր եղջերավոր անասուններ են զոհաբերում։

Հիշեցնենք, որ Եգիպտոսում հուլիսի մեկին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զոհվեցին երկու կանայք։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին