Կարևոր իրադարձություններ

Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին կվերականգնվի

07 Հուլիս, 2022 19:46
Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին կվերականգնվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը:

Հուշագրով մասնավորապես նախատեսված է համատեղ ուժերով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի Սուրբ Հարություն եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և ներդրած ջանքերի համար՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:

«Այն ժառանգությունը, որ մենք ունենք, և այն խնդիրները, որոնք կապված են դրա հետ, ցավոք, միայն պետական միջոցներով ու ռեսուրսներով մեր ցանկացած ժամանակացույցում կարգավորելը հնարավոր չէ: Ուստի, համատեղ ուժերով մենք ավելի արագ կարող ենք բարեկարգել մշակութային միջավայրերն ու կոթողները, ավելացնել ենթակառուցվածքները»,- ասել է Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով նախարարության աջակցությունն ու ՀԿ-ի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունը:

«Հուշարձանների պահպանությունը մեր առաքելությունն է, և մենք պատրաստ ենք ծառայելու մեր մշակույթին ու պետությանը»,- ասել է «Բնօրրանի» տնօրենը:

Արդեն իսկ ներկայացված է Սբ. Հարություն եկեղեցու ժամանակավոր ամրակայման նախագիծը, որը հաստատվել է: Մինչև նախագծի ամբողջական փաթեթի տրամադրումը կիրականացվեն ընթացիկ աշխատանքներ՝ փլուզումները կանխելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրումից հետո բանակցություններ կսկսվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ «Գագարին նախագծի»  տարածքում ընդգրկված Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր և Գագարին բնակավայրերի նորահայտ հուշարձանների վկայագրերի, պահպանական գոտիների նախագծերի՝ պայմանագրային հիմքով փաստաթղթերի կարգավորման ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին