Կարևոր իրադարձություններ

Սևանում գտնվող շենքից մի տարածք 10 տարի ժամկետով կհանձնվի ԵԿՄ-ին

07 Հուլիս, 2022 17:35
Սևանում գտնվող շենքից մի տարածք 10 տարի ժամկետով կհանձնվի ԵԿՄ-ին

Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անշարժ գույքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով վարձակալությամբ կտրամադրվի Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին:

Ըստ հիմնավորման՝ մարզի գյուղական համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանն աջակցելու համար Ծովագյուղ համայնքում ուսումնացուցադրական կենտրոն ստեղծելու նպատակով 2020 թ. մարտից Ճապոնիայի կառավարությունը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին տրամադրել է 54 222 ԱՄՆ դոլար՝ շենքի կապիտալ վերանորոգման և այն ցուցադրական էներգաարդյունավետ կառույց դարձնելու համար, իսկ 2021 թվականի մայիսից GIZ-ը տրամադրել է 17 մլն ՀՀ դրամ՝ տարածքում ցուցադրական այգիներ հիմնելու նպատակով, որից հետո տարածքը ծառայելու է որպես բարեգործական ուսումնացուցադրական կենտրոն։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող Վիճակագրական կոմիտեին ամրացված` Սևան քաղաքում գտնվող շենքից մի տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Երկրապահ կամավորականների միությանը:

Համաձայն ներկայացված ծրագրի՝ կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

Միության Սևանի տարածքային կառույցը, չունենալով շենքային պայմաններ, չի կարողանում լիարժեք լուծել կառույցի առջև դրված խնդիրները:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի տարածքում գտնվող նախկին պոմպակայանի շենքը և դրա զբաղեցրած տարածքը նվիրաբերել ՀՀ-ին և ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին