Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

07 Հուլիս, 2022 18:29
ԱԺ-ն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել գրավոր առաջարկներ: Հարակից զեկույցում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը բարձրաձայնել է, որ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

«Այս նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու պարագայում մենք կկարողանանք նաև բնակարանով ապահովել սահմանապահ զորքերի այն սպաներին, ովքեր սովորել են մեր ռազմաուսումնական հաստատություններում և պետության հետ կնքել են 20-ամյա ծառայության պայմանագիր»,- ընդգծել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին Պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված է 1188 զինծառայող և 805 զինվորական կենսաթոշակառու. ընդհանուր առմամբ` 1993 զինծառայողի մասով կան նախկինից չմարված պարտավորություններ:

Սուրեն Պապիկյանի խոսքով` Կառավարությունը հետևողական է լինելու թե՛ նախկինից ժառանգած պարտավորությունների կատարման, թե՛ որպես շահառու չգրանցված գործող սպաների կարիքները հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու հարցերում:

Գլխադասային` Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այն նույնպես ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել: Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և կոչ է արել կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող Կառավարության հեղինակած ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենսդրական փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկով: Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով` առաջին ընթերցմամբ քննարկվել և հաստատվել է այն մոտեցումը, որ այսուհետև թանկարժեք մետաղների ու քարերի գործակալությունը կլինի Ֆինանսների նախարարության առանձին ստորաբաժանման մեջ, և գործառույթներն ու խնդիրները կիրականացվեն նախարարության ընդհանուր ստորաբաժանման միջոցով:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունն առաջարկել է վերոնշյալ գործակալության փորձաքննություններն իրականացնել Կառավարության սահմանած կարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է:

Առաջարկներ էին ներկայացրել թե' պատգամավորները, թե' Կառավարությունը. դրանց մեծ մասն ընդունվել է: ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական է:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ պատգամավորների կողմից օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:

Նախագիծը լրամշակվել է հեղինակի կողմից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ներկայացնելով ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, այն փոփոխությունների չի ենթարկվել:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի ներկայացմամբ երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել նաև ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանին է ներկայացրել ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասինե օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներից առաջարկներ չեն եղել: Կառավարությունն առաջարկել է օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, առավել համահունչ կլինի դատապարտյալների մասով որդեգրված կարգավորմանը: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաև ԱԺ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել: Նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դրական էր նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կարծիքը: Այնուհետև տեղի են ունեցել քվեարկություններ:

Պատգամավորներն ընդունել են երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին