Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան

07 Հուլիս, 2022 14:41
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը՝ Կապսի ջրամբարին:

«Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով՝ Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ:

«Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին