Կարևոր իրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

07 Հուլիս, 2022 09:52
«Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Ասոցիացված պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Խաչատրյան։ Սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։ Գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան։ Երաժշտությունը` Վան Սարգսյանի։ Հնչյունային ձևավորող՝ Լուսիեն Փալմեր, CAS։ Մոնտաժող՝ Մայքլ Թ. Վոլմեն։ Դերերում՝ Լիկա Զաքարյան, Լևոն Արշակյան, Արտակ Բեգլարյան և այլք։

Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։

«Հպարտ ենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետություն»-ը  կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասում է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Կարին Հովհաննիսյանը «1915» (2015թ.), «Ես մենակ չեմ» (2020թ.) և «Truth to Power» (2021թ.) մրցանակակիր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորն է և «Ստվերների ընտանիք» գրքի հեղինակը:

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին