Կարևոր իրադարձություններ

«Իմ զավակին գրկել եմ ուզում, նրա ջերմությունն ու համբույրներն եմ ուզում». «Փաստ»

07 Հուլիս, 2022 08:13
«Իմ զավակին գրկել եմ ուզում, նրա ջերմությունն ու համբույրներն եմ ուզում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հրաշամանուկ էր, դեռ փոքրուց նրա մեջ համահավասար ներդաշնակված էին և՛ առույգ ու կենսախինդ մանուկը, և՛ լուրջ ու հավասարակշիռ՝ կարծես մեծ մարդը»: Այսպես է սկսվում Ալենի մայրիկի՝ տիկին Նազելիի հետ զրույցը, որը տևում է մի քանի տասնյակ րոպե: Անսահման բարի տղան շատ ակտիվ էր դեռ մանկության տարիներից: «Հաճախում էր բազմաթիվ խմբակների՝ թատերական, պարի, դիզայներական, սպորտի, սիրում էր նկարել, գրքերն ու մուլտերի աշխարհն իր հետաքրքրությունների շրջանակում էին: Չէի խնայում որևէ բան նրա զարգացման համար: Մեծ սիրով պատրաստվում էինք պարի մրցույթներին, Հայաստանի քառակի չեմպիոն էր և միջազգային կարգի չեմպիոն սպորտային ու լատինոամերիկյան պարաձևերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալենի մայրիկը:

Հիշում է՝ մանկության տարիներին որդին իր մոտ միշտ թուղթ ու գրիչ ուներ, անընդհատ նկարում էր, ճանապարհին հարց ու փորձ անում՝ մայրիկ, սա ի՞նչ շենք է, սա ո՞ւմ արձանն է: Շատերը կարծել են, որ Ալենը դիզայներ կդառնա, բայց մասնագիտական ընտրությունը բարդ էր. տղայի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր, և բոլոր ոլորտներում կարողանում էր իրեն լավագույնս դրսևորել: Գրքեր, մուլտեր, երգ ու պար, սպորտ, իրեն շրջապատող աշխարհն այդպիսին էր, մշտական էին այցելությունները թատրոններ, պատկերասրահներ, թանգարաններ: «Ու այդպես ձևավորվեց՝ արվեստով, սիրով, մշակույթով: Ձնագունդը գնալով մեծացավ, եղանք աշխարհի 21 պետության տասնյակ քաղաքներում: Իր մեծանալուն զուգահեռ իր զարգացածությունը խտացավ, աշխարհայացքը դարձավ լայն, դարձավ աշխարհի մարդ»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, Ալենը վեր էր ազգություններից, կրոններից, նրա համար արժեքը մարդն էր՝ անկախ իր ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, մարդկության նկատմամբ իր վերաբերմունքը յուրօրինակ էր: «Եզակի տեսակ էր, և սրանք ուղղակի բառեր չեն, նա դրանք վաստակել է: Իր ուսուցիչները, դասախոսները և ուսանողները միաբերան փաստում են՝ նա յուրօրինակ տեսակ էր, քայլում էր և ժպիտներ ու լույս տարածում: Ամբողջը սեր էր, հոգատարություն մեծի ու փոքրի նկատմամբ: Ինտելեկտուալ իր տվյալների հետ զուգահեռ անսահման համեստ էր: Սմիթսոնյան հիմնադրամի պահանջով հայկական մշակույթի մասին պատմող երկու ֆիլմ էր նկարել... Պատանի, որի նկարած ֆիլմերը հայտնվում էին միջազգային ասպարեզում, բայց երբեք չէր պարծենում»,-ասում է մայրիկը, որի խոսքով, մինչ վերջերս իր ամենամտերիմներն անգամ չգիտեին, թե որքան ձեռքբերումներ ուներ:

Մնում էր հանգիստ, խաղաղ ու հանդուրժող, անձնազոհ, իր երակներում էր այդ անձնազոհությունը:

«Երբ հիմա բացում եմ նոթատետրը և կարդում իր խոհափիլիսոփայական գրառումները, հասկանում եմ, որ իսկապես անսովոր էր: Պատահական չէ, որ ընկերները կատակով իրեն այլմոլորակային էին ասում»,-հավելում է տիկին Նազելին:

 

Լրահոս

Դիտել ավելին