Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, այսինքն` նաև ՄԻԵԴ այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը:
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ մինչև այս փոփոխությունն ուժի մտնելը կայացված դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով: