Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    5,98
    6,93

Կարևոր իրադարձություններ

Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

05 Հուլիս, 2022 11:12
Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը՝  Սահմանադրության օրվա առթիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,​

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է:

Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը:

Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով:

Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին